Ազգային ժողովն այսօր քննարկեց բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքում փոփոխությունների փաթեթը: Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է շինությունների սեփականատերերին սույն օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ իր բանկային հաշվին:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն իր ելույթում նշեց, որ բազմաբնակարան շենքերի ֆոնդը կազմում է ընդհանուր բնակֆոնդի 45 տոկոսը, և այսօր դրանց թարմացման լուրջ խնդիր կա: Վերմիշյանը նշեց, որ բազմաբնակարան շենքերի միայն 15 տոկոսն է անձնագրավորված: Թեև 1988 թվականի երկրաշարժից հետո այդ նպատակների համար լուրջ գումար էր հատկացվել, աշխատանքներ են կատարվել, բայց այսօր այդ արխիվները չկան, և անձնագրավորման գործընթացը պետք է նորից անել:
Անդրադառնալով համատիրություններին ու բազմաբնակարան շենքերին առնչվող՝ մայիսին ընդունված օրենքին՝ Վերմիշյանն ասաց, որ դա թույլ փաստաթուղթ է, որի վրա հիմնվելով՝ համապատասխան հանձնաժողովը ներկայումս զբաղվում է այդ խնդրով: Հանձնաժողովը երկու նիստ է անցկացրել, ուսումնասիրվում են նաև այլ երկրների բազմաբնակարան շենքերի և համատիրությունների կառավարման մոդելները: