Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ՌԴ Արմավիր քաղաքում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների և երիտասարդների հետ: Քննարկվել է հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի ենթարկված Գարեգին Նժդեհի հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հանդիպումից հետո Գլխավոր հյուպատոսն այցելել է Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է հոգևոր առաջնորդի հետ:
Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից հաղորդում են, որ Վարդան Ասոյանը հանդիպել է Արմավիրի քաղաքապետ Անդրեյ Խարչենկոյի և քաղաքային դումայի նախագահ Ալեքսանդր Պոլյակովի հետ։
Քաղաքապետը կարևորել է հայ-ռուսական ամուր հարաբերությունների հետագա ընդլայնումը՝ ընդգծելով տեղի հայ համայնքի բարձր դերակատարությունը։ Քաղաքապետը ներկայացրել է նոյեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից վանդալիզմի գործողությունների մանրամասները և դատապարտել դա։
Գլխավոր հյուպատոս Ասոյանը քաղաքապետի հետ քննարկել է Արմավիրի հայ համայնքի մտահոգությունները և ակնկալիքները ստեղծված իրավիճակի հասցեագրման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով վանդալիզմի յուրաքանչյուր դրսևորմանը իրավական և հասարակական գնահատական տալու անհրաժեշտությունը։