Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վկայագրեր է հանձնել աշխատակազմում 6-օրյա վերապատրաստում անցած՝ հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց։
Այս վերապատրաստումը բխում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքից և նպատակ ունի բարձրացնել հոգեկան առողջության ոլորտի բուժաշխատակազմերի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև նպաստել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների առավել ամբողջական իրացմանը։
Դասընթացին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչներ, Հայաստանի բոլոր հոգեբուժական կազմակերպությունների, այդ թվում՝ մարզային, բժշկական անձնակազմերի ներկայացուցիչների (բժիշկներ, հոգեթերապևտներ, հոգեբաններ, բուժքույրեր, բուժակներ, սանիտարներ), ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբույժների, ինչպես նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքի այլ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ:
6 օրերի ընթացքում քննարկվել են հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող համակարգային խնդիրները, ներառյալ՝ զսպան միջոցների կիրառման, պացիենտների զննության և հետազոտման չափանիշների, ստացիոնար ընդունելու և դուրս գրելու ընթացակարգերի, իրազեկման և իրազեկված համաձայնության ստացման, հարկադիր և ոչ հոժարակամ բուժման, սկրինինգային հետազոտությունների կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ: Միաժամանակ, ներկայացվել են խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային չափանիշները, Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակը և լիազորությունները:
«Ազգային կանխարգելման մեխանիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների իրականացում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկումների շարքը վարել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցներն ու փորձագետները: