«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Վրաստանի մայրաքաղաքում են «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Արման Եղոյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Նորա Առուստամյանը, Տարոն Սիմոնյանը:
Հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը «Եվրանեսթ» ԽՎ-ի բացման արարողության ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ակնկալիքները, բարեփոխումներն ու Հայաստանի հանձնառությունները, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության հարցերը, նաև հիշեցրել է, որ այսօր ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է, խոսել է նաև Հայոց Ցեղասպանության մասին ու կոչ արել «Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակներին՝ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Բոլորը ոտքի են կանգնել ու մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության ու աշխարհի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Աբրահամյանի խոսքով՝ ադրբեջանական մամուլը, իհարկե, ծանր է տարել իր ելույթն ու կոչը «Եվրանեսթ» ԽՎ-ում՝ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ադրբեջանական մամուլը գրել է, թե, իբր, քիչ պատգամավորներ են կանգնել, սակայն տեսանյութից պարզ է դառնում, որ բոլորը կանգնել են, բացառությամբ ադրբեջանցի մի պատգամավորի։