ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թ. հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Արդարադատության նախարարի խոսքով՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը: