Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը:
Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 57 կողմ, 35 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:
Կառավարության ներկայացրած մեկ այլ նախագիծ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն՝ 98 կողմ ձայնով: Նախագծով առաջարկվում է ներդնել երթևեկության կանոնակարգման բալային համակարգ:
Խորհրդարանն ընդունեց նաև անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունն ուժը կորցրած ճանաչելու մասին («Բանկային գաղտնիքի մասին» օրենք) օրենքի նախագիծը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: