Ցավալի գույժ. վրաց հայտնի կինոռեժիսոր Զազա Ուրուշաձեն մահացավ 53 տարեկանում՝ հաղորդում է վրացական մամուլը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ուրուշաձեի մահվան պատճառը սրտի կաթվածն է:
Զազա Ուրուշաձեն ժամանակակից Վրաստանի ամենահայտնի կինոգործիչներից է: 1982-1988 թվականներին սովորել է Թբիլիսիի Թատրոնի և կինոյի Ռուսթավելու անվան պետական համալսարանի ռեժիսորական բաժնում: 2002-2004 թվականներին եղել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն:
Նա Վարշավայի 29-րդ կինոփառատոնի հաղթող է, որտեղ «Մանդարինները» ֆիլմն արժանացավ «Լավագույն ռեժիսորի» մրցանակին: Իսկ նրա մյուս գործերը՝ «Կապապլեքս» (1985), «Երկու անձրևոտ օր» (1987), «Նրանց, որոնց լքեցին հայրերը» (1989), «Այստեղ լուսաբաց է» (1998), «Երեք տուն» (2008), և այլն, մշտապես սիրելի են եղել հանդիսատեսի համար:
Զազա Ուրուշաձեի ամենաճանաչված ֆիլմը, սակայն, հատկապես՝ դրսում, «Մանդարիններ» ֆիլմն է: Բացի Վարշավայի կինոփառատոնից՝ այն Էստոնիայում 2015 թվականին «Ակադեմիա» մրցանակի արժանացավ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Արդեն 2016-ին Ուրուշաձեի ֆիլմն իսպանական Կատալոնիայում արժանացավ Անտոնիո Գաուդիի մրցանակին՝ «Լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում:
Նշենք նաև, որ այս տարվա սեպտեմբերին Զազա Ուրուշաձեն հրաժարական տվեց Վրացական կինոյի ակադեմիայի նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, թե իրեն այլ ելք չեն թողել. ակադեմիայի ներսում «անառողջ միջավայր է, և ինտրիգների պակաս չկա»: