Ռուսական Սոչիում դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և իր բելառուսական գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի 5 ժամ տևած բանակցությունները: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն, հավելելով, որ Լուկաշենկոն արդեն իսկ լքել է Սոչիում ՌԴ նախագահի նստավայրը և լրագրողների համար որևէ հայտարարություն չի արել:
Բելառուսի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ Բելառուսի հետագա ինտեգրման համար անհրաժեշտ է երկու երկրների ձեռնարկությունների համար հաստատել գազի և նավթի հավասար գներ: Նա նաև նկատել էր, որ կոնկրետ այս հանդիպման նպատակը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մասին պայմանագրի հետագա ճակատագիրն է:
Հիշեցնենք, որ Պուտին-Լուկաշենկո բանակցությունները սկսվել են դեկտեմբերի 7-ին՝ Սոչիում, ՌԴ նախագահի Бочаров Ручей նստավայրում: Եվ չնայած՝ բանակցությունների ընթացքում հոսանքը մի պահ անջատվել է, դա չի ազդել ո՛չ բանակցությունների, ո՛չ դրան հաջորդած ընթրիքի տրամադրության վրա՝ գրում է ռուսական մամուլը:
Ի դեպ, պետությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը դեկտեմբերի 6-ին նախորդել էին բանակցությունները երկու երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով, որի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և նրա բելառուս գործընկեր Սերգեյ Ռումասը քննարկել են, այսպես կոչված, ՌԴ-Բելառուս ինտեգրացիայի ճանապարհային քարտեզը համակարգելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մասին պայմանագիրը կնքվել էր դեռևս 1999-ին, իսկ Ինտեգրման զարգացմանն ուղղված ռուս-բելառուսական աշխատանքային խումբը ձևավորվել է արդեն 2018-ի վերջին: