Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղակայված ընտրական հանձնաժողովից ստացված վերջին տվյալների համաձայն՝ ձայների մեծամասնությամբ ընտրվել են Սահակ եպիսկոպոս Մաշալյանի՝ նարնջագույն խորհրդից 45, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ մանուշակագույն խորհրդից 12 ներկայացուցիչ:
Ֆերիքյոյ, Սամաթյա և Բաքըրքյոյ հայաշատ թաղամասերում տեղակայված ընտրատեղամասերի տվյալներն ընտրական հանձնաժողով դեռևս չեն ներկայացվել։
Հիշեցնենք, Թուրքիայում այսօր մեկնարկել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների առաջին փուլը։ Հայկական համայնքն ընտրում է աշխարհիկ նորկայացուցիչների խորհուրդը, որն էլ իր հերթին հոգևորականներից բաղկացած խորհրդի հետ մեկտեղ դեկտեմբերի 11-ին ընտրելու է Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին։ Պատրիարքի թեկնածուները երկուսն են՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան և Սահակ եպիսկոպոս Մաշալյան։
Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը պատրիարքի ընտրությունների կանոնակարգում փոփոխություններ իրականացրեց, որի արդյունքում նախատեսվող 12 թեկանծուից մնացին միայն 2-ը։ Չնայած որ համայնքի որոշ ներկայացուցիչներ, բողոքելով Ներքին գործերի նախարարության՝ ընտրություններին միջամտելու հանգամանքից, համայնքի ներկայացուցիչներին հորդորում էին բոյկոտել և չմասնակցել ընտրություններին, այսօր ընտրատեղամաս հանդիսացող եկեղեցիները սպասվածից ավելի բազմամարդ էին։
Սահակ Մաշալյանի կողմնակիցները իրենց քվեն օգտագործեցին նարնջագույն ցուցակի օգտին, որում աշխարհիկ ներկայացուցիչների ցանկն էր։ Նույն կերպ Արամ Աթեշյանի կողմանկիցները՝ մանուշակագույնի օգտին։ Կա նաև սպիտակ թերթիկը բոլոր նրանց համար, ովքեր դեմ են երկու թեկնածուներին էլ։
Քվեների հաշվարկը սկսվել է տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով 21.00-ին)։
Ընտրված աշխարհիկ ներկայացուցիչների խորհուրդը և 17 հոգևորականից բաղկացած եկեղեցական խորհուրդը դեկտեմբերի 11-ին կընտրի Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին։