Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Սպիտակում մասնակցել է Քըրք Քըրքորյանի կիսանդրու բացման արարողությանը:
Քըրք Քըրքորյանի բարեգործությամբ՝ «Լինսի» հիմնադրամի կողմից 2001 թվականից ի վեր Հայաստանում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Սպիտակում կառուցվել են Կենտրոն 1, Կենտրոն 2, Կենտրոն 3 թաղամասերը՝ 67 շենքով և 524 բնակարանով: Կառուցվել են նաև թիվ 1 դպրոցի նոր մասնաշենքը, մարզադահլիճը, տրամադրվել է գույք: Ի նշան երախտագիտության նրա կատարած գործերի՝ Սպիտակում տեղադրվել է ՀՀ ազգային հերոսի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:
Սպիտակ կատարած այցի ընթացքում Կառավարության ղեկավարը նաև հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: