1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։
Քաղաքի Սբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում հանրապետության նախագահը ներկա է եղել երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին՝ ձեռամբ Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Գարեգին Համբարձումյանի, օրհնությամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։ Պատարագին ներկա են եղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, բազմաթիվ գյումրեցիներ։
Այնուհետև նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նախագահությամբ մատուցվել է երկրաշարժի զոհերի հոգեհանգստյան կարգ։