Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն, ամփոփելով տարին, լրագրողներին ասել է, որ 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում կանխատեսված մեծությունից ավելի ցածր պարտք կարձանագրվի: Ջանջուղազյանը նշել է, որ համեմատաբար ավելի ցածր կատարման ցուցանիշներ կան վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի առումով, ցածր հարաբերական ցուցանիշ կլինի նաև պարտք-ՀՆԱ հարաբերակցությամբ:
«2019-21 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով կանխատեսել էինք, որ աստիճանաբար կիջնենք 50 տոկոսի շեմից ներքև և կարծում ենք, որ 2019-ի արդյունքներով այն կլինի 49 տոկոսից փոքր ինչ ավելի: 2020 թվականին ակնկալում ենք, որ համախառն ներքին արդյունքի հարաբերակցությամբ պարտքը կկազմի 48.2 տոկոս»- ասել է Ջանջուղազյանը:
Նա նաև ընդգծել է, որ հարկաբյուջետային քաղաքականությամբ հաջողվել է երաշխավորել պարտքի կայունացման ռիսկերը: Հայաստանը տարբեր երկրների դասակարգման տեսակետից ունի նվազ պարտքի բեռ ունեցող երկրի գնահատական: Հայաստանը համարվում է պետական պարտքի տեսակետից նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:
Ֆինանսների նախարարը նաև ընդգծել է, որ գործառնության արդյունքում հարթեցվել է 2020 թվականի պարտքի սպասարկման գրաֆիկը ոչ միայն չափի, այլ նաև պայմանների իմաստով: