Իտալական ANSA լրատվական գործակալությունն անդրադարձել է ֆուտբոլային աշխարհում Հայաստանի հետ կապված վերջին սկանդալային տեղեկատվությանը: Ֆուտբոլի իտալացի մրցավար Պիեռլուիջի Կոլինան հերքել է հայկական մամուլում շրջանառվող լուրը, թե անօրինական կարգով երեխա է որդեգրել:
«Ցնցված էի, երբ կարդացի, թե ես անօրինական կարգով հայ երեխա եմ որդեգրել»:
ՖԻՖԱ-ի մրցավարների կոմիտեի ղեկավար Պիեռլուիջի Կոլինան մեկնաբանել է մամուլի կեղծ լուրը, թե ինքը ներգրավված է եղել երկրում անօրինական որդեգրումների հետաքննության մեջ: Իտալացի մրցավարը հեռախոսով պատասխանել է իտալական գործակալության հարցադրմանը:
«Թեպետ ես գնահատում եմ այն մարդկանց, որոնք օրինական կերպով երեխաներ են որդեգրում, այնուամենայնիվ, ես և կինս երբեք չենք մտածել երեխա որդեգրելու մասին: Անհավանական է, որ իմ անունը շրջանառվում է երեխաների անօրինական որդեգրման հետաքննության մեջ: Եվ, իհարկե, ես քայլեր եմ արել՝ համապատասխան լուրերից ինձ պաշտպանելու համար»:
Իտալական ANSA գործակալությունը գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, թե Կոլինան հայ երեխա որդեգրելու դիմում չի ներկայացրել՝ հավելելով, որ «այդ տեսակի կեղծ լուրերի հրապարակումը բարոյապես ու իրավաբանորեն անընդունելի է համարում»: