Այս տարի Սուրբծննդյան տոնավաճառը՝ Christmas market-ը, կբացվի Երևանի 2750-ամյակի այգում: Ինչո՞ւ ոչ Հյուսիսային պողոտայում և ոչ մասնավորի հետ՝ քաղաքապետարանը պարզաբանել է, որ նախկինում կրպակները տնտեսավարողներին տրամադրվել են առանց մրցույթի և առանց համայնքի նկատմամբ որևէ պարտավորության: Նախկին կազմակերպիչները նոր պայմաններով համայնքի հետ համագործակցել չեն ցանկացել: Այս տարի առաջին անգամ տնակ-կրպակները վարձակալությամբ կտրամադրվեն աճուրդով:
«Ձևաչափի փոփոխությունը մեզ համար կարևոր սկզբունք էր, քանի որ տոնավաճառը չէր կարող լինել միայն վաճառքի վայր: Այն պետք է մաս կազմեր մեր ընդհանուր միջոցառումների և ունենար մշակութային բաղադրիչ: Գրեթե ամեն օր այս տարածքում կլինի հետաքրքիր երաժշտություն, հայկական խոհանոցի համտեսի հնարավորություն: Կարծում եմ՝ քաղաքապետարանի այս ձևաչափով տոնավաճառի կազմակերպումը նաև խրախուսելի է, որովհետև պահպանվում է հավասարության սկզբունքը: Աճուրդին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Իսկ Հյուսիսային պողոտայում կլինի եղևնիների ցուցադրություն»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
2750-ամյակի այգում՝ շատրվանների երկու ուղղությամբ, կտեղակայվեն տոնավաճառի 40 տնակ-կրպակներ: Տնակ-կրպակներից 35-ը դրված են աճուրդի: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.azdarar.am և www.yerevan.am կայքերում:
«Քաղաքացիները պետք է հայտարարության մեջ նշված հաշվեհամարներին բանկի կամ edram համակարգով կատարեն համապատասխան վճարումներ. մասնակցության վճար՝ 10.000 դրամ և նախավճար՝ մեկնարկային արժեքի 5 տոկոսի չափով փոքր կրպակների՝ 10.000 և մեծերի համար՝ 12.500 դրամ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի, գույքի, հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղար Սյուզաննա Սերոբյանը:
Աճուրդում կհաղթեն այն քաղաքացիները կամ ընկերությունները, որոնք վարձակալության համար կառաջարկեն առավելագույն արժեքը: Տոնավաճառը կանցկացվի դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը: Կվաճառվեն Ամանորի և Սուրբծննդյան թեմայով հուշանվերներ, քաղցրեղեն, ըմպելիք:
Աճուրդին մասնակցել ցանկացողների հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 13-ն է՝ ժամը 15:00-ը: