ՍՄՆ ռազմաօդային ուժերի ռազմակայանի տարածքում՝ Ֆլորիդայի ուսումնական հաստատություններից մեկում, կրակոցներ են հնչել:
Ըստ թարմացված տվյալների՝ կրակոցների հետևանքով զոհվել է երեք մարդ, յոթ վիրավոր տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակի վերաբերյալ դեռ տվյալներ չկան, բայց կրակողը չեզոքացվել է՝ հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Ըստ AP-ի՝ հարձակվողի ինքնությունը հաստատված է: Նրա անունը դեռ չի տրվում, բայց հայտնի է, որ նա պրակտիկանտ սպա է, Սաուդյան Արաբիայի բնակիչ:
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը հաստատել է, որ կասկածյալը սաուդյան քաղաքացի էր: Նահանգապետի խոսքով՝ նա վերապատրաստվել է բազայում ԱՄՆ դաշնակիցների ուսումնական ծրագրով: Իշխանությունները պարզում են հարձակման դրդապատճառները:
«Ակնհայտ է, որ շատ հարցեր կլինեն՝ կապված այն բանի հետ, որ այդ անձը օտարերկրյա քաղաքացի էր, ծառայում էր Սաուդյան ռազմաօդային ուժերում և վերապատրաստվում էր մեր երկրում»,- ասել է նահանգապետ Դեսանտիսը՝ հրավիրված մամուլի ասուլիսում:
Ֆլորիդայի այս ռազմաբազայում մշտապես 16 հազար զորքեր կան տեղակայված: Այն համարվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի առաջին բազան և բացվել է 1914 թվականին: Հենակետում պատրաստվել են տասնյակ հազար օդաչուներ, նրանց թվում՝ Ջոն Գլենը՝ ԱՄՆ առաջին տիեզերագնացը, որը տիեզերք է ուղևորվել Mercury Atlas-6-ով, 1962-ի փետրվարին, Նիլ Արմսթրոնգը՝ առաջին մարդը, որ Լուսնի վրա ոտք է դրել 1969 թվականի հուլիսի 20-ին, Apolon-11-ի արշավախումբը: Այստեղ է տեղակայված նաև ԱՄՆ ամենահզոր ավիացիոն խումբը՝ Blue Angels-ը, որը հիմնադրվել է 1946 թվականին: