Հայաստանի տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7.5 տոկոս է, ԱԺ-ում 2020 թ. բյուջեի նախագծի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս ցուցանիշը Եվրասիական տնտեսական միության և հետխորհրդային տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է:
«Արդյունաբերությունն աճել է 8.8 %-ով, մշակող արդյունաբերության աճը կազմել է 9.3%, շինարարությունն աճել է 4.5%-ով, ծառայությունների աճը կազմել է 15.1%, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%-ով: Արտահանման աճը կազմել է 7.2%, աշխատավարձերի աճը կազմել է 5.2%: Եվ սրա ֆոնին ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում այսօր կրկին համաշխարհային մակարդակով ամենացածր գնաճներից մեկն է: Պարենի համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է, որ ամբողջ աշխարհում սննդամթերքի գներն աճել են շուրջ 6%-ով, իսկ ՀՀ-ում սննդամթերքի գինն աճել է ընդամենը 0.1%-ով»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ աննախադեպ ծավալի՝ 330 կմ ասֆալտ է արվել՝ հավելելով, որ բոլոր շինարարական կազմակերպությունները ծանրաբեռնված են:
«Երբ որ ակնարկում ես, որ կարող է նոր պատվեր, տենդեր լինել, գույները գցում, ճնշումները բարձրանում է, որովհետև այնքան գործ ունեն, չգիտեն՝ գործերի տակից ոնց դուրս գան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: