Խորհրդարանում քննարկվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծն ու կից օրենսդրական նախագծերի փաթեթները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն ընդգծել է, որ նախագծերի հիմնական նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է:
Նախագծով նախատեսվում են որոշ իրավախախտումների վերաբերյալ պատժամիջոցներ, տուգանային միավորների չափեր, փոխվել են ոչ սթափ վիճակի չափանիշները՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Սթափության աստիճանի շեմը կիսով չափ նվազել է՝ արյան մեջ 0.2 գրամ, արտաշնչած օդում՝ 0.1 մգ: Ամրագրվում է, որ տուգանային միավորի ձևով վարչական տույժ ներկայացնելու, նշանակելու վերաբերյալ վարչական ակտը բողոքարկելու դեպքում նախատեսված հետևանքները վրա կհասնեն իրավախախտումը կատարելու տարում տրված միավորների շրջանակներում՝ անկախ բողոքարկման վարույթի ավարտման ժամկետից:
Նախատեսվել է և թվային եղանակով արձանագրություն կազմելու հնարավորություն: Առաջարկվում է նաև կարգավորում, որի համաձայն՝ վարելու իրավունքի կասեցման և զրկման ձևով կիրառված վարչական տույժի բողոքարկման դեպքում որոշման կատարումը չի կասեցվի, քանի որ վարորդները պատասխանատվությունից որոշակիորեն խուսափելով՝ միևնույն է՝ կբողոքարկեն: