ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ, կազմակերպվել էր սեմինար-ուսուցում սպանդանոցների ներկայացուցիչների համար:
Սեմինարի մասնակիցներին ողջունել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ այս ուսուցման արդյունքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն սպանդանոցների առավել կանոնակարգված գործունեությանը: «Ցանկացած խնդրի, դժվարության, անհասկանալի իրավիճակի հանդիպելիս դուք կարող եք դիմել ՍԱՏՄ ձեր մարզային կառույցին և ստանալ համապատասխան սպառիչ խորհրդատվություն»,- ասել է տեսչական մարմնի ղեկավարը:
Տնտեսվարողները խոսել են սարքավորումների ձեռքբերման, տարածքների կառուցապատման, սանիտարահիգիենիկ նորմերի, գյուղացիների հետ հարաբերությունների ու փոխհամաձայնության, ինչպես նաև ֆինանսական ներդրումների հետ կապված խնդիրների մասին:
ՍԱՏՄ մասնագետները ևս մեկ անգամ խոսել են սպանդանոցներին ներկայացվող պահանջների, մսի սպանդանոցային ծագումը վկայող էլեկտրոնային անասնաբուժական ձև 5 փաստաթուղթը տրամադրելու կարգի, ինչպես նաև սպանդանոցների վերահսկողության գործընթացի մասին՝ շեշտելով, որ, կենդանական ծագման սննդամթերքի բարձր ռիսկայնությամբ պայմանավորված, շղթայի բոլոր փուլերում, այդ թվում և սպանդանոցների նկատմամբ, վերահսկողությունն ուժեղացվելու է:
2020 թ. հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի իրականացումը սննդի շղթայի բոլոր օպերատորների համար լինելու է ՍԱՏՄ ամենօրյա վերահսկողության օրակարգում: