ԱՄՆ Պետդեպարտամենտը 5 միլիոն դոլարի պարգևավճար է խոստացել տեղեկությունների համար, որոնք օգտակար կլինեն ձերբակալելու ռուսաստանցի Մաքսիմ Յակուբեցին: Ամերիկյան իշխանությունները նրան համարում են Evil Corp հաքերային խմբի ղեկավարը:
Միաժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Յակուբեցի և ռուսական վեց ընկերությունների հետ կապված 17 ռուսաստանցիների նկատմամբ: Նրանց կասկածում են ավելի քան 100 միլիոն դոլարի գողության և Ռուսաստանի հետախուզական գործակալությունների հետ կապերի համար:
Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ Evil Corp-ը ներգրավված էր Dridex ֆիշինգային ծրագրի ստեղծման և բաշխման մեջ: Արդյունքում «խաբվել են» ավելի քան 40 երկրում գտնվող բանկեր ու ֆինանսական հաստատություններ, իսկ պատճառված վնասը գերազանցել է 100 միլիոն դոլարը:
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանում հաստատված հաքերային Evil Corp խումբն իր գործունեությունը սկսել է 2016 թվականին՝ Dridex վիրուսը տարածելով: Թափանցելով համակարգչային սերվերներ՝ ծրագիրը գողացել է օգտատերերի անձնական տվյալները, ներառյալ՝ բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը: Մեկ տարվա ընթացքում հակերները կարողացել են հաճախորդների տվյալներ ստանալ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի 300 բանկերից:
ԱՄՆ ֆինանսների նախարարության հատուկ հայտարարության մեջ էլ նշված է, որ 2017 թվականից Մաքսիմ Յակուբեցը համագործակցում է Ռուսաստանի անվտանգության ծառայությունների հետ: