Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի 84-րդ նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի հարցեր: Քննարկվել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության արդիական հարցերը, մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը և մինչև 2020 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի շրջանակներում պիլոտային միջպետական նորարարական նախագծերի իրականացման ընթացքը:
Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգառեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ: