ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեզը մտադիր է ամեն շաբաթ քվեարկության առաջադրել Հայոց ցեղասպանության օրինագիծը, մինչև այն հաստատվի, հայտարարել է սենատորը, երբ Կապիտոլիումի բարձունքին փաստաթուղթը օրակարգ բերելու փորձը կրկին կասեցվել է։
Ինչպես նախորդ ամիս երկու անգամ, այս դեպքում էլ մեկ սենատոր վետոյի իրավունքով արգելափակել է թիվ 150 օրինագծի հաստատումը։ Ըստ ընթացակարգի՝ Մենենդեզին անհրաժեշտ էր օրենսդիրների լիակատար համաձայնությունը, քանի որ օրենքը նախատեսում է մեկ օրենսդիրի միջոցով արգելափակելու իրավունքը։
Այս անգամ մեր օրինագծին դեմ է արտահայտվել Հյուսիսային Դակոտայի սենատոր Քևին Կրամերը։ Ուշագրավ է, որ նա իր խոսքում տեղի ունեցածը հստակ բնութագրում էր Ցեղասպանություն։ Կրամերը, վկայակոչելով նախորդ օրը Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահ Թրամփի և Էրդողանի հանդիպումը, հայտարարել է, թե այս ֆոնին օրինագծի հաստատումը ժամանակավրեպ կլինի։
Կրամերի խոսքով՝ Թրամփը Ռեջեփ Էրդողանի հետ բացի այլ առանցքային խնդիրներից, մասնավորապես Թուրքիային ռուսական հրթիռներ տրամադրելու հարցից, քննարկել է նաև Հայոց ցեղասպանության թեման։ Կրամերի ելույթի առիթով խոր հիասթափություն հայտնելով` Մենենդեզը հիշեցրել է, որ ավելի վաղ այս սենատորն աջակցում էր հայկական օրինագծերին, իսկ հիմա հակասական ելույթներ է ունենում։
Սենատոր Ռոբերտ Մենենդեզը կարող է Հայոց ցեղասպանության թիվ 150 օրինագիծը քվեարկության առաջադրել նաև մյուս շաբաթ, որից հետո սենատը կմեկնի ամանորյա արձակուրդի։