2008 թվականից ի վեր օտարերկրյա ուղիղ ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավումը Հայաստանում դարձել է մարտահրավեր՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի և երկրի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ խնդիրների պատճառով:
Հայաստանը դիմակայում է նաև ձեռնարկատիրության ոլորտում կանանց ու տղամարդկանց միջև անհավասարութանը, որը հանգեցնում է ավելի ցածր տնտեսական արդյունքի՝ համարժեք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 14 տոկոսին:
«Տնտեսական աճը և կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» երկամյա ծրագիրը կիրականացվի Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (ՄՖԿ): Ծրագիրը կաշխատի երկու ուղղություններով. այն խորհրդատվություն կտրամադրի կառավարությանը ՕՈՒՆ-ների ներգրավման ոլորտում` ներդրումների նպատակային խրախուսման ու ներդրողների վստահության բարձրացման գործիքակազմի միջոցով: Ծրագիրը կօգնի նաև բարելավել կին ձեռնարկատերերի տնտեսական արդյունքները:
Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանն ասել է․ «Միացյալ Թագավորությունն ուրախ է աջակցելու այս ծրագրին բրիտանական կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով։ Այն կօգնի Հայաստանի կառավարությանը՝ բարելավել բիզնեսի համար բարենպաստ միջավայրը և խրախուսել ներդրումները՝ տնտեսական աճը խթանելու նպատակով։ Հատկապես կարևոր է շեշտադրումը կանանց տնտեսական հզորացման վրա. նպատակ, որն ընկած է բրիտանական կառավարության՝ զարգացման մոտեցման հիմքում»:
ՄՖԿ-ն շուրջ 700 միլիոն ԱՄՆ դոլարի մասնակցություն է ունեցել էներգետիկայի, ֆինանսական հատվածի, գույքային և արդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերում: