Այսօր «Էջմիածին» հանդեսի 75-ամյակի կապակցությամբ Մայր Աթոռում գիտաժողով էր հրավիրվել: Եվ այդ ընթացքում կարևորվել է հատկապես այն հանգամանքը, որ Մայր Աթոռի թե՛ մնացած հրատարակությունները, թե՛ այս հանդեսը մշտապես հանդես են եկել ընտանիքն ու հայրենիքը քրիստոնեական արժեքների համատեքստում ընկալելու և մատուցելու դիրքերից:
«Էջմիածին» կրոնական, պատմաբանասիրական, հայագիտական ամսագիրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պաշտոնական հրատարակություններից է, լույս է տեսնում 1944 թվականից՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի նախաձեռնությամբ:
Այն լուսաբանում է Մայր Աթոռի միաբանության, ներքին և Սփյուռքի թեմերի եկեղեցական կյանքը, ծանոթացնում Հայաստանյայց առաքելական եկեղեցու նշանակալի իրադարձություններին, անդրադառնում է միջեկեղեցական հարաբերություններին: Նաև տպագրում է Հայոց հայրապետների կոնդակները, շրջաբերականները, քարոզներն ու ճառերը:
Ի դեպ, ամսագրի առաջին համարը ձևավորել է Հակոբ Կոջոյանը, հաջորդ համարները՝ Տարագրոսը, Գրիգոր Խանջյանը, ճարտարապետ Բ. Արզումանյանը: