Աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակային:
Նախարար Մնացականյանը շնորհավորել է Ալբանիայի իր գործընկերոջը՝ ԵԱՀԿ նախագահության առաջիկա ստանձնման կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը ալբանական նախագահության առաջնահերթություններին:
ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության առջև ծառացած խնդիրների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումները՝ վերահաստատելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ժամեր առաջ ներկայացրել է ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին ունեցած իր ելույթում:
Երկկողմ հարաբերությունների համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ալբանիայի հետ տարբեր մակարդակներում և ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցության խթանման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է համատեղ ջանքերով աշխատել այն լիարժեք օգտագործելու ուղղությամբ:
Ուրվագծվել են երկկողմ օրակարգի հարստացման և քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: