Գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող փաստաբանի բողոքը։ Այդ մասին հայտնեց դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ըստ ներկայացված բողոքի՝ ՀՀ նախագահը, համաձայն 2005 թ. և 2015 թ. Սահմանադրության, անձեռնմխելի է։ Հանրապետության նախագահն իր լիազորությունների թե՛ ժամկետում, թե՛ ժամկետի ավարտից հետո չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը դեկտեմբերի 4-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Սերժ Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։