Նախօրեին հայտնի դարձավ, որ արտախորհրդարանական ուժերից մեկը ներքին շրջաբերական է տարածել պետության դեմ պարտիզանական մարտեր տանելու վերաբերյալ: Այդ ուժը հայտնի է նորնակախ Հայաստանի պատմության մեջ իր ահաբեկչական անցյալով: Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Ես կարծում եմ, որ ԱԺ-ն պետք է իր գնահատականը տա այդ երևույթին, քանի որ թիրախն ԱԺ արտահերթ ընտրություններն են, և բոլոր խմբակցությունները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն: Մենք հիշում ենք, թե այդ ժողովը վարող Հրանտ Մարգարյանը 90-ականների սկզբին թմրանյութ էր տեղափոխում և այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ բոլորը պետք է իրենց զորակցությունը հայտնեն Նիկոլ Աղբալյան միության երիտասարդներին, որոնք հաստատեցին, որ տեղի է ունեցել այդպիսի հավաք և հանձնարարություն՝ պետության դեմ պարտիզանական մարտեր մղելու:
«Թող խելքները գլուխները հավաքեն, ԱԱԾ-ն իր ուշադրության տակ պետք է առնի այդ երևույթը»,- ընդգծեց նա: