Խորհրդարանը հաստատեց 2020 թվականի բյուջեի նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեց 69, դեմ՝ 37 պատգամավոր:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախագծին կողմ է քվեարկել նաև գործուղման մեջ գտնվող 7 պատգամավոր, որոնք քվեարկության վերաբերյալ գրություն են թողել: Արդյունքում «կողմ» ձայների թիվը 76 է:
«2018-ից ի վեր՝ ներառյալ 2020 թ. բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտավորապես 28% է կազմում: Բայց ուզում եմ մեկ նախադասություն ասել դժվարությամբ՝ կարող եք հավաստիանալ, որ 2018 թ. մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն, և ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Ուզում եմ ասել, որ այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են»,- ասաց Փաշինյանը:
Քվեարկությունից առաջ ՀՀ վարչապետը նշեց, որ 2020 թ. բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների արդյունքում շարունակում է մնալ այն տեսակետին, որ հաջորդ տարվա բյուջեն հեղափոխական է: