Կենտրոն վարչական շրջանի վետերանների խորհուրդը Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում, Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների ու ծառայողների հետ համատեղ, կազմակերպել էին իրազեկման շաբաթ՝ «Վարքականոններ երկրաշարժի ժամանակ» թեմայով:
Վետերանները իրազեկել են աշակերտներին, որ նման աղետների դեպքում կարևորը խուճապի չմատնվելն է, ապա, ըստ ենթադրյալ իրավիճակի, տվել են համապատասխան խորհուրդներ` որտեղ և ինչպես կարելի է պատսպարվել, ինչպես գործել «տագնապ» ազդանշանի ժամանակ:
Դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի հետ քննարկվել է աղետի ռիսկի կառավարման պլանը: Վետերանները հիշեցրել են, որ դպրոցում հարկավոր է նախապես սահմանել արտակարգ իրավիճակում հայտնված յուրաքանչյուրի անելիքը: Բոլորը` մեծից փոքր, պետք է հստակ իմանան գործողությունների հաջորդականությունը:
Գործի է դրվել արտակարգ իրավիճակների ահազանգման համակարգը, և աղետների դիմակայությանը նվիրված միջոցառումն ավարտվել է դպրոցի անձնակազմի տարհանմամբ: Ամփոփելով արդյունքները` վետերանները ուսուցչական կոլեկտիվի հետ քննարկել են վարժանքի ընթացքում հայտնաբերված թերությունները, որոնք անհրաժեշտ է շտկել հավելյալ դասընթացների և գործնական պարապմունքների միջոցով: