ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հեղինակած տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակային գործունեության դաշտն ընդլայնելու օրենքի նախագիծը 93 կողմ, 2 դեմ և 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ:
«Առաջարկում եմ, որ E-draft.am հարթակում հրապարակվեն և հանրային քննարկման արժանանան նաև տեղական ինքնակառավարման մարմինների մշակած նորմատիվ ակտերի նախագծերը: Տեխնիկապես դա տեղի է ունենալու հետևյալ կերպ. ՏԻՄ-երն իրենց համացանցային պաշտոնական կայքում կհրապարակեն իրենց որոշումների նախագծերը, և դա կարտացոլվի e-draft.am հարթակում: Օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել նաև ՏԻՄ-երի համացանցային պաշտոնական կայքերում ընդլայնվող տեղեկությունների տեսակները: Նախատեսվում է նաև, որ համայնքի ավագանու նիստերը ուղիղ եթերով կհեռարձակվեն համայնքի պաշտոնական կայքէջում, եթե համայնքն ունի 3000 և ավելի բնակիչ»,- նշեց Լենա Նազարյանը: