Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզը Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիին հրավիրել է մասնակցելու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայրաքաղաք Էր Ռիադում՝ հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է Կատարի պաշտոնական լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավելի քան երկու տարի առաջ Սաուդյան Արաբիան և Ծոցի երկրների նրա դաշնակիցները խզեցին բոլոր հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ: Այս երկրների օդային տարածքը փակ էր Կատարի ինքնաթիռների համար, առկա էին բազմաթիվ առևտրային սահմանափակումներ, քաղաքական-դիվանագիտական կոշտ հռետորաբանություն, իսկ Սաուդյան Արաբիան նույնիսկ ցամաքային սահմանն էր փակել Դոհայի հետ:
Այսպիսով, Արաբիայի թագավորի հրավերը թե՛ Կատարում, թե՛ ընդհանրապես աշխարհում ընկալվում է՝ որպես հարաբերությունների երկամյա սառույցի հալոցքի նշան: Հիշեցնենք նաև, որ նույն համատեքստում էր կարելի ընկալել նաև վերջերս Կատարում Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Բահրեյնի մասնակցությամբ անցկացված ֆուտբոլային մրցաշարը: