Կառավարությունը որոշեց հավանություն տալ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Սոցիալական կարիքի գնահատման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծմանը նախընթաց մարզպետարաններից և համայնքներից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կփոխանցվի կարիքի գնահատման գործառույթը։
Կառուցվածքային փոփոխությանը զուգընթաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման և սոցիալական կարիքների գնահատման նոր համակարգի ներդրման բովանդակային, կազմակերպական և տեխնոլոգիական հագեցվածության ապահովման համար։
Զուգահեռաբար հանրային լայն քննարկումներով 2019 թ. ընթացքում մշակվել է «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կանոնակարգելու է սոցիալական աշխատողների կողմից մասնագիտական գործունեության ծավալման չափորոշիչները։ Միաժամանակ, ս. թ. փետրվարի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում ամփոփվում է նպաստների համակարգի վերափոխման փաթեթային լուծումը, որը, ըստ էության, կարիքների գնահատման նոր համակարգի մեթոդաբանությունն է։ Այսպիսով, իրականացված քայլերը ամբողջության մեջ պետք է նպաստեն սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ամբողջական ներդրմանը՝ որպես հետևանք ունենալով նաև ավելի հասցեական և համայնքահենք ծառայությունների տրամադրումն ըստ գնահատված կարիքի։
Նախագծով ակնկալվում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատում, որի արդյունքում առավել մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական համայնքահենք ծառայությունների ամբողջական փաթեթով տրամադրման ապահովում՝ համայնքների և շահեկից կազմակերպությունների հետ համագործակցությամբ և դրա արդյունքում կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարող շահառու ընտանիքների տարեցտարի աճ: