Այսօր ՀՅԴ-ն տարածել էր մի հայտարարություն, ըստ որի՝ «որոշ լրատվամիջոցներով և կայքէջերով տարածվել է անստորագիր մի գրություն, որը որևէ առնչություն չունի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության պաշտոնական տեսակետի հետ»:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Միհրան Ասատրյանը, սակայն, պնդում է, որ նամակն իսկապես կազմվել է ՆԱՈՒՄ-ի երիտասարդների կողմից, և այն ինչ գրված է՝ համապատասխանում է իրականությանը: Ասատրյանը նաև պնդում է, որ ուղղակի նամակը կազմվել է ներքին շրջանառության, ոչ թե հանրային սպառման համար, և իրենք էլ չգիտեն, թե ինչպես է այն հայտնվել լրատվամիջոցներում:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում էր հայտնվել «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարություն-նամակը, ըստ որի՝ հոկտեմբերի 31-ին ՀՅԴ Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրո անդամներից բացի, ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը:
Ժողովի հիմնական օրակարգն է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկի քննարկումը, վերջինիս վերաբերյալ ընկերների միասնական դրական կարծիքի ձևավորումը:
Հրանտ Մարգարյանն իր ելույթում կարևորել է քաղբանտարկյալների պաշտպանության հարցը՝ մասնավորապես նշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը, ինչին կոմիտեների մի շարք ընկերներ, տիրող վախի մթնոլորտի պատճառով, չեն համարձակվել հրապարակավ հակադրվել:
Ըստ նամակի՝ տեղի ունեցած ժողովն, ուրեմն, չի կարող արտահայտել շարքերի իրական կարծիքը վերոնշյալ օրակարգի շուրջ: