Աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:
ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ են կատարել ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի օրակարգին՝ կարևորելով օրակարգային հարցերի շուրջ դիրքորոշումների համադրումը և կազմակերպության շրջանակներում նախաձեռնությունների փոխադարձ սատարումը:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ նման ձևաչափով հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում անդրադառնալու եվրոպական անվտանգության առջև ծառացած խնդիրներին և ուղենշելու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք գործնական քայլերը:
ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև օրերս Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ կազմակերպության ընդունած որոշումների կատարման ընթացքին:
ԱԳ նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գործընկերների հետ անդրադարձ է կատարել նախօրեին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը և այս համատեքստում ներկայացրել ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ հայկական կողմի գնահատականները: