Շուրջ մեկ ժամից սենատորներ Բոբ Մենենդեզն ու Թեդ Քրուզը կրկին դիմելու են ամերիկյան սենատորներին` պահանջելով պարզեցված ընթացակարգով քվեարկության բերել Հայոց ցեղասպանության օրինագիծը։
Դեմ քվե չլինելու դեպքում 150 համարի փաստաթուղթը կքվեարկվի անմիջապես Սենատի լիագումար նիստին` շրջանցելով արտաքին հանձնաժողովում նախապես հաստատվելու ընթացակարգային փուլը։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս սենատոր Ռոբերտ Մենենդեզը երկու անգամ փորձել է հայկական օրինագիծը նույն եղանակով բերել քվեարկության, սակայն երկու դեպքում փաստաթղթին ընդդիմացող մեկ սենատորի քվեն բավարար է եղել նախաձեռնությունը կասեցնելու համար։ Ըստ ընթացակարգի՝ լիագումար նիստում օրինագիծը պարզեցված ձևով քվեարկության է դրվում օրենսդիրների լիակատար կոնսենսուսի դեպքում։