Բրիտանական երգիծական News Thump պարբերականը չէր կարող չանդրադառնալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում տեղի ունեցած սկանդալին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի չեղարկմանն այն բանից հետո, երբ դիտել էր տեսագրությունը, որում Կանադայի վարչապետը ծաղրել էր Թրամփի՝ արտասահմանյան այցերի ժամանակ շատախոսությունը: Թրյուդոյի պահվածքին ի պատասխան՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետին անվանել էր երկերեսանի:
Պարբերականը գրում է, որ Միացյալ Նահանգների առաջին տիկինը, հավատարիմ մնալով Թրյուդոյի հանդեպ համակրանքին, հայտնել էր, թե երկերեսանի նշանակում է երկու գեղեցիկ երես. «Երկու երեսը պարզապես ֆանտաստիկ կլիներ: Միայն պատկերացրեք, եթե նա իրոք ունենար երկու դեմք: Երկու դեմքով նա կրկնակի գեղեցիկ ու առնական կլիներ, քան հիմա է: Մի դեմքը ես կհամբուրեի, իսկ մյուսը՝ ականջիս կշշնջար ֆրանսերենով: Իսկ որքան հաճելի կլիներ նայել երկու զույգ աչքերին»:
Մելանյա Թրամփն ավելացրել է. «Պատկերացրեք, թե ինչ եմ ստիպված լինում տեսնել ամեն առավոտ: Ես չեմ կարողանում հասկանալ, թե որտեղ է վերջանում Դոնալդի դեմքն ու սկսվում նրա հնդկահավի պարանոցը»:
Այս խոսքից հետո Մելանյա Թրամփը ներողություն է խնդրել ու գնացել այն սրահը, որտեղ Ջասթին Թրյուդոն զբաղեցնում էր համաշխարհային մյուս ղեկավարներին Թրամփի թեմայով: