Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է զինվորական ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության խումբ տալու օրինագիծը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ընդգծել է՝ նախագիծը վերաբերում է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմաններին և կարգին:
Սաիյանի խոսքով՝ գործող իրավակարգավորումների համաձայն՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է նաև այն դեպքում, երբ անձը հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել ոչ թե զինվորական ծառայության ընթացքում, այլ հետո, սակայն զինվորական ծառայության ընթացքում ստացած վնասվածքի կամ հիվանդության հետևանքով: Զինվորական ծառայության ընթացքում հիվանդություն ստացած անձին հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է, եթե նրա հաշմանդամությունը սահմանվել է զինվորական ծառայությունից արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում:
Օրենքում նշված է, որ հինգ տարուց հետո չեն կարող զինվորական պատճառական կապ տալ, և միայն աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակ կարող է նշանակվել: Սահմանադրական դատարանը որոշել է, որ այն հակասում է Սահմանադրությանը, իսկ նախագծով նախատեսվում է հանել այդ դրույթը: