Կառավարությունը հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։ Բացառություն սահմանել հետևյալ դեպքերում՝
- կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է.
- լրացել է կենսաթոշակառուի 75 տարին.
- կենսաթոշակը վճարվում է լիազորագրով.
- կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին:
Ընդ որում, կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է միայն կանխիկ եղանակով, իսկ վերը նշված մնացած դեպքերում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ անձի ընտրությամբ։
Նախատեսվում է նաև բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից:
Ընդ որում, քանի որ թաղման նպաստը վճարվում է այն նշանակելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, ապա թաղման նպաստն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում բացառվում է թաղման նպաստի գումարն ստանալու համար այն նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում կրկին դիմելու անհրաժեշտությունը:
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով։
Առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։
Ինչպես և կենսաթոշակների դեպքում, առաջարկվում է հստակեցնել, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։
Միաժամանակ, անցումը կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար, ինչպես նաև հաշվի առնելով նաև առանձին բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ նախատեսվում է անցումը կատարել փուլային տարբերակով` նախ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, ապա հաջորդաբար` մնացած քաղաքային բնակավայրերում, 1000-ից ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ վերջում՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։
Նախատեսվում է նաև, որ տվյալ բնակավայրում մինչև սահմանված ժամկետները նշանակված կենսաթոշակը շարունակվելու է վճարվել կանխիկ եղանակով՝ մինչև սահանված ժամկետում կենսաթոշակ (խնամքի նպաստ) վճարելը վերսկսելու, կենսաթոշակ (խնամքի նպաստ) ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում ներկայացնելը։ Ընդ որում, նշված դիմումները չներկայացնելուց հետո ևս 6 ամսվա ընթացքում շահառուն կարող է ներկայացնել կենսաթոշակի (խնամքի նպաստ) վճարման եղանակը փոխելու դիմում: Եթե նշված դիմումները չեն ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով: