Ազգային ժողովը քննարկել է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցերը: Նախագծի հեղինակներն են՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Վահե Ղալումյանը:
Նախագծով առաջարկվում է Կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքներն ունեն խորհրդատվական բնույթ:
«Համայնքների միավորման հարց համայնքային հանրաքվեների միջոցով չի կարելի լուծել»,- հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Այս նախագծով հնարավորություն է ստեղծվում խորհրդատվական հանրաքվեներ անցկացնելու: