ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ՝ դեկտեմբերի 14-21-ը Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։
Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնն ընդգրկում է 5 համերգ, 3-ը՝ սիմֆոնիկ‚ 2-ը՝ կամերային։ Փառատոնը կբացվի դեկտեմբերի 14-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթով։ Վենգերովը կներկայացնի Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։ Նվագախումբը կկատարի նաև Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։
Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 17-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա դաշնակահար‚ միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը. դաշնակահարուհին կկատարի Խաչատրյանի‚ Շոպենի‚ Ռախմանինովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։
Դեկտեմբերի 18-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվի «Խաչատրյանը և ջազը» սիրված նախագիծը. կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ:
Դեկտեմբերի 20-ին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ կունենան Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ թավջութակահար Ջոնաթան Սվենսենը և Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը։
Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 21-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակին նվիրված երեկոյով‚ որի շրջանակում հանդես կգան չին մենակատարներ՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի և չին կոմպոզիտորների ստեղծագործություններից։
7-րդ անգամ Երևանում անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը‚ ինչպես ամեն տարի‚ այս անգամ ևս երաժշտասերներին կներկայանա պրեմիերաներով‚ հետաքրքիր ծրագրերով և անվանի մենակատարներով։