Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրինագիծը, որը կարգավորում է շրջիկ առևտուրը Երևանում: Նախագիծը երեկ քննարկվել էր ԱԺ-ում: Օրինագիծը նախատեսում է՝ շրջիկ առևտրի կետերը կարող են շահագործել միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի տրամադրած թույլտվության հիման վրա: Կարող են գործունեություն ծավալել մինչև ժամը 23-ը: Թույլտվության կամ մերժման կարգն էլ սահմանում է ավագանին: «Այդ շրջիկ առևտրի կետերը այսօր կայանած են լինում դպրոցների, համալսարանների դիմաց, և, ցավոք սրտի, արձանագրվել են դեպքեր, երբ այդ կետերի միջոցով վաճառվել է ալկոհոլ անչափահաս երեխաներին»,- նախագիծը ներկայացնելիս երեկ ասել էր Սիսակ Գաբրիելյանը: