Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հիմնադրման 10-ամյակի առթիվ Բրյուսելի իր գրասենյակում հյուրընկալել էր հատուկ ընդունելություն՝ հիմնադրման օրը նշելու և թիմի նոր անդամներին ողջունելու նպատակով։
Միջոցառմանը մասնակցում էին ՀԵԲ-ի մի շարք ընկերներ և գործընկերներ, ԵՄ հաստատությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար Ն․Գ․ պարոն Թաթուլ Մարգարյանը, որը ողջույնի խոսք հղեց ներկաներին՝ երախտագիտություն հայտնելով Հայաստանի եվրոպացի բարեկամների կատարած աշխատանքների համար՝ կոչ անելով նաև գալիք ամիսների և տարիների ընթացքում ակտիվ ներգրավվածություն ցուցաբերել՝ ԵՄ-Հայաստան զարգացող հարաբերությունների համատեքստում:
2009 թ.-ից ի վեր ՀԵԲ-ը տարբեր նախագծերի միջոցով խթանել է Հայաստանի մասին իրազեկության բարձրացումը Եվրոպայում, հարթակ ծառայել բազում փոխհամագործակցությունների համար՝ տասնամյա գործունեության ընթացքում ունենալով զգալի ձեռքբերումներ, որոնց թվում բոլորովին վերջերս ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) բանակցային գործընթացում կողմերին ցուցաբերած նշանակալի աջակցությունն է:
Ըստ այդմ, ՀԵԲ-ը, իր առաքելությանը համահունչ, կխթանի որոշում կայացնող հայ և եվրոպացի գործընկերների շփումը՝ CEPA-ի վավերացման և կիրառման գործընթացի շրջանակներում, ինչը կերաշխավորի վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը՝ հատկապես օրենքի գերակայության, դատական համակարգի ամրապնդման, հասարակական և սոցիալական ինստիտուտների զարգացման և լավ կառավարման ոլորտներում:
«Հայաստանի համար այս պատմականորեն կարևոր ժամանակահատվածում, երբ Եվրամիության հետ հարաբերությունները թևակոխում են զարգացման նոր փուլ, մենք հավատում ենք, որ Հայաստանի եվրոպացի բարեկամների աշխատանքը ձեռք է բերում առավել առանցքային նշանակություն, քան երբևէ: Հայաստանի քաղաքական և հասարակական դերակատարների համար կամուրջներ կառուցելը մեր առաջնահերթությունն է` հաղորդելով եվրոպական ինստիտուտներին նրանց հեռանկարները, բարձրացնելով Հայաստանի մասին տեղեկացվածությունը և առավել մոտեցնելով եվրոպական քաղաքական և լրատվական ոլորտի ներկայացուցիչներին Հայաստանին»,- ասել է ՀԵԲ-ի քաղաքականության գծով ավագ փորձագետ Ուիլյամ Լավանդերը։