Ինչո՞ւ է Ասադը սադրում Պուտինին: Թեև Բաշար Ասադը փաստացի չի մասնակցում Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցություններին, արաբական երկրի ղեկավարը վերջին շրջանում բավական համարձակ արտահայտություններ է արել Ռուսաստանի հասցեին: Ո՞րն է Բաշար Ասադի նպատակը: Եվ ինչո՞ւ է փորձում առճակատում առաջացնել Մոսկվայի ու Թեհրանի միջև: Մոսկվա-Դամասկոս հարաբերությունները վերլուծել է բրիտանական Al Arab պարբերականը:
Ըստ բրիտանական մեդիայի, ռուսական որոշ լրատվամիջոցներ խիստ քննադատության էին ենթարկել Սիրիայի վարչակազմին՝ երկրի ղեկավարին անվանելով «բռնապետ»: Պարբերականը գրում է, որ Բաշար Ասադի վերջին հարցազրույցները, հավանաբար, դուր չեն եկել Մոսկվային: Կրեմլը չի հավանել նաև այն, որ Սիրիայի ղեկավարն իրեն հեռու է պահում սահմանադրական հանձնախմբի սիրիական պատվիրակությունից՝ հավելելով, որ այն Սիրիայի կառավարությունը չի ներկայացնում:
Al Arab-ը գրում է, որ Ասադը միտումնավոր բազմաթիվ հարցազրույցներ է տալիս, և որ նրա՝ Մոսկվային հասցեագրված սադրիչ հայտարարությունները պատահական չեն: Դրանք, հավանաբար, իր տեսակի մեջ ռուսական կողմին ուղղված ազդակներ են, որով արաբական երկրի ղեկավարը Ռուսաստանին հորդորում է շարունակել աջակցությունն իր երկրին:
Ասադը, ինչպես նախկինում, այսօր էլ հակված է Թեհրանի հետ հարաբերությունների ամրապնդմանը, քանի որ դա երկրի ղեկին մնալու երաշխիք է, որի դիմաց Սիրիայում պահպանվում է Իրանի ազդեցությունը:
Իրանը ներխուժել է արաբական երկրի տնտեսություն և Ռուսաստանի հետ մրցակցում է ներդրումային պայմանագրերի գործում:
Պարբերականի հավաստմամբ՝ Սիրիայի վարչակազմը չի վստահում Ռուսաստանին՝ ակտիվ փոխգործակցելով Թուրքիայի հետ և մերժելով կառավարությունում ընդդիմության մասնակցությունը: Բաշար Ասադին սպառնում է պաշտոնանկությունն ու տնտեսական կոլափսը, հետևաբար՝ նա ձգտում է սադրել Իրանի ու Ռուսաստանի միջև մրցակցությունը: