Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է թուրքական և մահմեդական համայնքների հետ: Մահմեդական համայնքի ներկայացուցիչները ժամանել էին 20 տարբեր երկրներից: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ելույթի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությանը, վերջին 17 տարիների ձեռքբերումներին՝ նշելով, որ Թուրքիան հիմա շատ ավելի ուժեղ է, քան 17 տարի առաջ (Էրդողանի գլխավորած «Ազատություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայում իշխանության է եկել 17 տարի առաջ):
Ըստ Էրդողանի՝ այսօր Թուրքիայի հետ հեշտ չէ խաղ խաղալ, այսօրվա Թուրքիան ինքն է խաղի կանոններ թելադրում և խափանում ուրիշների խաղերը: Նրա խոսքով՝ Թուրքիան այլևս ձեռքը չի պարզում մի քանի միլիարդ դոլար ստանալու համար, այլ հակառակը՝ առատաձեռն երկիր է, որն իր ազգային եկամտի համեմատ ամենաշատ մարդասիրական օգնությունն է ցուցաբերում: Այս համատեքստում Էրդողանը թվարկել է Թուրքիայի տնտեսական ձեռքբերումները:
Քաղաքական օրակարգին անդրադառնալով՝ Էրդողանը խոսել է սիրիական հարցի մասին՝ նշելով, որ Թուրքիան Սիրիայից դուրս չի գա այնքան ժամանակ, քանի դեռ այդ տարածքները չեն մաքրել «ահաբեկիչներից»:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան հզոր դիվանագիտությամբ երկիր է, որը ոչ միայն իր 82 միլիոն բնակչության, այլև երկրից դուրս գտնվող 6,5 միլիոն քաղաքացիների իրավունքներն է պաշտպանում՝ շեշտելով. «Այս ամենը նշանն է այն բանի, որ Թուրքիան ինքն իր ուժերին վստահում ու հավատում է և երկար տարիներ անց նորից գործի է դնում իր ներուժը»: