Կառավարությունը հավանություն է տվել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխություններին, որով նախատեսվում է, որ բոլոր ՀԿ-ները պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեն:
Հարցը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որը նշել է, որ գործող կարգավորումներով տարեկան հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեն միայն այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվել են հանրային միջոցներից:
«Բարձր հաշվետվողականություն ապահովելու նպատակով այդ սահմանափակումը հանում ենք և այսուհետ առաջարկում ենք, որ բոլոր ՀԿ-ները հրապարակեն տարեկան հաշվետվություն՝ անկախ նրանից, թե միջոցներն ի՛նչ աղբյուրներից են ստացել»,- նշել է Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ եթե ՀԿ-ի միջոցները հանրային աղբյուրներից չեն, նրանք պետք է հրապարակեն իրենց ծրագրերը՝ առանց մատնանշելու այդ միջոցների աղբյուրները: Անանյանը վստահություն է հայտնել, որ այս կարգավորմամբ հայաստանյան իրականությունը բերում ենք միջազգային ստանդարտների: