Ընթացիկ տարվա նոյեմբերին ՀՀ երկու օդանավակայաններում ընդհանուր ուղևորահոսքը կազմել է 235,809 մարդ՝ 2018 թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.4 տոկոսով: Այս մասին հայտնել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
2019 թ. նոյեմբերին, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10.1 տոկոսով: Եթե 2018 թ. նոյեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202,915 ուղևոր, ապա 2019 թ. նոյեմբերի ցուցանիշը կազմում է 223,396 ուղևոր:
2019 թ. նոյեմբերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,413 մարդ: 2018 թ. նույն ամսվա 12,627 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 1.7 տոկոս:
Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,931,080 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 15.1 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: