Տավուշի մարզի դատախազության դատախազի հանձնարարությամբ և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ Այրում համայնքի ղեկավարը, 2019 թ. սկզբներին տեղեկանալով, որ Այրում բնակավայրի բնակիչը Մշակույթի պալատի հետնամասով անցնող ստորգետնյա գազատարի վրա ինքնակամ շինություն է կառուցել, նրա նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ: Բացի դրանից՝ Վանաձոր քաղաքի մի բնակչի թույլ է տվել օրինականացնել Այրում բնակավայրում գտնվող՝ համայնքային նշանակության ստորգետնյա ջրատարի վրա ինքնակամ կառուցված կապիտալ շինությունը: Արդյունքում վերջինս ստացել է ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
2019 թ. նոյեմբերի 16-ին Իջևան քաղաքում կանգնեցված և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ ավտոմեքենայում կրաքարի հայտնաբերման հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ ավտոմեքենան վարող անձը, չունենալով օրենքով սահմանված կարգով ընդերքի օգտագործման պայմանագիր, տևական ժամանակ հողափոր էքսկավատորի գործադրմամբ, Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասի վերջնամասում գտնվող կրաքարի պաշարներ պարունակող վայրից ապօրինի արդյունահանել է կրաքար:
Կրաքարի պաշարներ պարունակող վայրում կատարվել է դեպքի վայրի զննություն և պարզվել, որ արդյունահանված տարածքը ընդգրկում է շուրջ 3000 քմ տարածք, ունի երկաստիճան՝ շուրջ 15 մ խորություն, դեպքի վայրում առկա են երկու հողափոր էքսկավատորներ: Քարի ապօրինի արդյունահանման ծավալները և դրա արդյունքում պետությանը պատճառված վնասը պարզելու համար գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ մարկշեյդեր մասնագետների միջոցով համապատասխան չափագրումներ կատարելու համար:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ դեպքի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությանը: Սկսվել է նախաքննություն, որի ընթացքում կպարզվեն նաև տևական ժամանակահատվածում իրականացված արդյունահանման փաստը համայնքային մարմինների կողմից չարձանագրելու և դրանից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու հանգամանքները:
Ընդհանուր առմամբ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ներկայումս քննվում է մարզի տարբեր համայնքների ղեկավարների, համայնքապետարանների պաշտոնատար աձանց և համայնքային ենթակայության հիմնարկների պատասխանատու անձանց կողմից կամ ներգրավմամբ առերևույթ կատարված կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներին առնչվող 12 քրեական գործ, ևս մեկ քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մարզի Ազատամուտ, Աչաջուր, Արծվաբերդ, Վարագավան, Իջևան, Կողբ, Կիրանց, Գանձասար, Խաշթառակ, Ծաղկավան, Լուսաձոր և Այրում համայքներին:
Նշված քրեական գործերի շրջանակներում համայնքի բնակիչների անուններով որպես օգնություն համայնքի բյուջեից գումարների տրամադրման, պետական ծրագրերով գյուղացիական տնտեսություններին սերմացու ցորենի հատկացման գործընթացում հափշտակություններ կատարելու, առանց աշխատանքային պարտականությունների կատարման՝ պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով անձանց աշխատավարձեր հատկացնելու և այդ գումարները յուրացնելու, վատնելու, ինքնակամ կառուցապատումները չվերացնելու, վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու, հողամասերի ինքնակամ զավթումները, ապօրինի շինարարությունները դիտավորությամբ չդադարեցնելու և այլ հանցավոր արարքներ առերևույթ կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել նշված համայնքների թվով 7 պաշտոնատար անձանց (այդ թվում՝ համայնքների 4 նախկին ղեկավարների): Քրեական այս գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 44 մլն ՀՀ դրամ: Պատճառված վնասները վերականգնելու նպատակով բոլոր դեպքերում մեղադրյալների գույքի վրա կիրառվել են արգելանքներ: