Ոստիկանությունը ԱԺ հանրապետական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հիմնադրած «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքի մասին կեղծ տեղեկություններ է հայտնաբերել, որոնց հիման վրա ընկերությունը անշարժ գույքի դիմաց ավելի քան 4 անգամ քիչ գույքահարկ է վճարել համայնքին։
Անշարժ գույքի գնահատող «Վանսեյսմշին» ընկերության կազմած տեղեկանքի համաձայն՝ 2005 թ. շենքի իրական արժեքը կազմել է 130 միլիոն 102 հազար դրամ, մինչդեռ ընդամենը չորս տարի անց Կադաստրի պետական կոմիտեն «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող ֆաբրիկայի շենքի արժեքը նվազեցրել է 3,2 անգամ և այդ մասին գրություն ուղարկել Վանաձոր համայնքի ղեկավարին։
Փաստի առիթով քրեական գործ հարուցելու մասին Ոստիկանության որոշման մեջ նշել է, որ Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքն զգալիորեն նվազեցնելու հետևանքով ընկերությունն անցած 10 տարում 1 միլիարդ դրամի վնաս է պատճառել Վանաձոր համայնքին: 2003 թ. «ՎԱԲԱ» ընկերությունը սնանկացած ֆաբրիկայի շենքը ձեռք էր բերել ընդամենը 2,5 միլիոն դրամով՝ 52 անգամ էժան երկու տարի անց գնահատված արժեքից։