Դեկտեմբերի 5-ին Հայաստանը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Այս պրոցեսը սկզբում բավականին ուժեղ էր և հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն ճանապարհին աստիճանաբար քայքայվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Այսպիսով դեկտեմբերի լույս 5-ի գիշերվանից սկսած և դեկտեմբերի 5-ի ցերեկվա ընթացքում շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ։ Բացառություն կկազմեն Գեղարքունիքը, Սյունիքը և Արցախը, որտեղ կանխատեսվում է առատ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց»,- ասվում է գրառման մեջ։
Դեկտեմբերի 6-ից տեղումները կդադարեն, և մինչև դեկտեմբերի 10-ը հանրապետության ողջ տարածքում կլինի առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 5-ին մայրաքաղաքի բարձրադիր գոտում կտեղա թույլ ձյուն, ցածրադիր գոտում՝ անձրև։ Դեկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը կնվազի միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ մոտ 4-5 աստիճանով, սակայն դեկտեմբերի 6-7-ը նույնքանով էլ կբարձրանա։