Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման մասին նախագիծը: Դրանով երկրում ռազմական դրության պայմաններում բոլոր բուժհաստատությունների, այդ թվում՝ մասնավորի կառավարման լիազորություններն անցնելու են առողջապահության նախարարությանը:
Նախագիծը ներկայացնելիս առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն ընդգծել է, որ մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում է տեղակայված հանրապետության մահճակալային ֆոնդի շուրջ 32 տոկոսը: Ըստ փոխնախարարի՝ նախագծի ընդունմամբ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում: Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորությունները, օրինակ՝ կադրային ռեսուրսների, բժշկական գույքի, մահճակալային ֆոնդի կառավարումը, կվերապահվի երկրի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: