Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՊՊԳ վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի ջոկի հրամանատարը, առանց ղեկավարությանը զեկուցելու, 2018 թվականի մայիսին մեկնել է Մոսկվա։ Այնտեղ կատարել է ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործություն՝ կաշառք տալը, ինչի համար նույն թվականի հուլիսին Մոսկվայի Չերտանովսկիի շրջանի դատարանի վճռով դատապարտվել է 10 ամիս ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո ՊՊԳՎ ջոկի հրամանատար ոստիկանության ենթասպան վերադարձել է Հայաստան և շարունակել ծառայությունը։
Պարզվել է նաև, որ ծառայողի անմիջական ղեկավար վաշտի հրամանատարը և ոստիկանության ՊՊԳՎ անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի պետը, ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, տևական ժամանակ չեն ստուգել ջոկի հրամանատարի ծառայությունը և չեն պարզել ու ոստիկանության ՊՊԳՎ ղեկավարությանը չեն զեկուցել նրա ծառայության չներկայանալու մասին։ Արդյունքում` ոստիկանության ՊՊԳՎ ջոկի հրամանատարը շուրջ 10 ամիս բացակայել է ծառայությունից, ստացել 1․290․000 դրամ աշխատավարձ, ինչով պետությանը պատճառվել է խոշոր չափով վնաս։ Ավելին՝ ջոկի հրամանատարի աշխատանքի չներկայանալու հանգամանքը թաքցնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթերում մտցվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքին, ռազմամթերք ստանալու և հրաձգության վարժություններին նրա մասնակցության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ։
Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ ոստիկանության պետի հրամանով ՊՊԳՎ ջոկի հրամանատարն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։
Դեպքերի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։